ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Կռունկը մեր տուն էր եկել

Կռունկը մեր տուն էր եկել
12.07.2025 | 11:17

Ես ինը տարեկան էի, երբ հայրս երգեց «Կռունկը»։

Նա երգում էր, իսկ ես նստած էի նրա դիմաց՝ գետնին, ծնկներս ծալած, մատներս՝ հպված գորգի թելերին։

Հիշում եմ ոչ թե օրը կամ ժամը, այլ՝ ձայնի խուլ դողը, երբ հանկարծ նրա աչքերն ամպոտվեցին, բայց ոչ մի արցունք չհոսեց։

Նա երբեք չէր ուզում լաց լինել իմ աչքի առաջ։

Բայց երգելիս չկարողացավ թաքցնել ներսի աղմուկը։

Երգում էր, ու մի տեսակ խեղդում էր հուզմունքը։

Ասաց մի բան, որ կյանքիս ընթացքում հաճախ եմ հիշել.

«Մենք հայրենիք ենք եկել, որ այս երգերն այլեւս չերգենք… Բայց ես կրկին երգում եմ։ Ավելի մեծ կարոտով»։

Երգը շարունակեց՝ կամաց, կրծքից բխող ձայնով՝

«Կռո՛ւնկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ…»:

Սա պարզապես երգ չէր։

Սա աղոթք էր։

Սա հրաժեշտի տոն էր՝ առանց հրաժեշտ տալու իրավունքի։

Հետո երգեց.

«Ծիծեռնակ, ծիծեռնակ, դու գարնան սիրուն թռչնակ…»:

Եվ այդ պահից ինձ համար գարունն ընդմիշտ կապվեց այդ մի բարակ ձայնի հետ,

որ ելնում էր հորս հոգուց ու թռչում պատուհանից դուրս։

Հայրս հեռացած էր ծննդավայրից,

թողել էր ոչ միայն տունն ու այգին, այլև իր հորը՝ մանկության վերջին մնացորդը։

Թողել էր լեզուն, որի մեջ մոր անունն անգամ չէր հասցրել հնչեցնել։

Թողել էր մի ամբողջ կյանք՝ առանց հրաժեշտի։

Բայց Կռունկը հետ էր բերել ամեն բան։

Երգելով՝ նա վերադառնում էր։

Երգելով՝ նա ընդվզում էր։

Երգելով՝ նա ապրում էր, թեկուզ ժամանակավորապես։

Ես, ինը տարեկան աղջիկս, դեռ չգիտեի՝ ինչու է այդ երգը հորս ձայնը խզում։

Բայց ես զգում էի՝ այդ երգի մեջ մի ամբողջ ժողովուրդ կար,

որ ճանկում էր երկինքը ու մնում էր առանց թեւերի։

Եվ հիմա, երբ ես լսում եմ նույն երգը, երբեմն մի խուլ հարց եմ լսում ներսումս՝

Կռո՛ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս…

Մեր աշխարհից մի խաբկանք, մի հույս չունե՞ս։

Եվ եթե չունենք՝

ուրեմն ինչո՞ւ ենք դեռ երգում։

Թերեւս որովհետև դեռ չենք մոռացել մեր երգելու ձեւը։

Թերեւս որովհետև երգելն է այն վերջին պատուհանը, որ բաց է դեպի տուն։

Վերջաբան

Հորս նվիրված

Հայրս քառասուն օրական էր, երբ մայրը մահացել էր։

Ոչ մի հիշողություն չուներ նրա մասին, բայց ամբողջ կյանքում վշտի մի փոս կար աչքերում՝ անբացատրելի, անանուն։

Եվ նա երգում էր։

Թեև երգը սփոփանք չէր միշտ, այլ՝ հիշողության ձեւ՝ այն հիշողության, որը երբեք չունեցավ։

Տարիներ անց, երբ հեռավոր աշխարհի մի գողտրիկ անկյունում հանդիպեցի հորեղբորս,

նա նույնպես երգում էր։

Նույն ձայնով։ Նույն մեղմությամբ։

Նույն «Կռունկը»։

Եվ այդ պահին ես հասկացա՝

Կռունկը մերը չէր լքել։ Նա մեզ տուն էր կանչում։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 325

Մեկնաբանություններ